ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Առաջին կիրակին Երուսաղեմում

Առաջին կիրակին Երուսաղեմում
05.05.2013 | 14:21

Ամեն ինչ այնքան իրական է, որ անհավատալի է թվում

Երուսաղեմյան առաջին կիրակին սկսվեց ժամը երկուսին՝ Սուրբ Հարության տաճարում ժամերգությունով և Քրիստոսի լույս գերեզմանի շուրջ թափորով, որին մասնակցում էին հայ, ղպտի ու ասորի հոգևորականները: Տաճարի կիսադատարկ կամարների տակ հայ երգը հնչում էր հատկապես հանդիսավոր ու թվում էր խոսակցություն Աստծո հետ: Խիստ անձնական ու բացարձակապես համամարդկային խոսակցություն Աստծո հետ: Երկու-երեք գիշերվա անքնությունից ու ծեսերից հետո վարժարանի սաները ճոճվում էին հոգնածությունից, բայց նրանց ձայնն ու աչքերը մատնում էին բոլորովին այլ մի հոգեվիճակ: Երեք անգամ Քրիստոսի լույս գերեզմանի վրա կառուցված մատուռի շուրջ պտտվելով՝ հայ, ղպտի ու ասորի հոգևորականները Աստծո հետ հաղորդակցվելու իրենց երջանկությունը փոխանցում էին կեսգիշերային Երուսաղեմի միջով սուրբ Հարության տաճարում հավաքված հայրենակիցներին: Իդեպ, գիշերային Երուսաղեմն ապրում է շատ ակտիվ կյանքով, թերևս ցերեկվա շոգի պատճառով: Աղմուկը փողոցներում սովորական է բոլորի համար՝ ցերեկային, թե գիշերային: Իսկ լուսադեմին հայ հոգևորականները հանդիսավոր պատարագ մատուցեցին Հիսուսի գերեզմանի վրա: Պատարագ որին մասնակցում էին արդեն համարյա բոլոր այլազգիները, որ դեռ չեն հեռացել Երուսաղեմից: Ռուս ուխտավորների խմբերը Երուսաղեմ են գալիս նույնիսկ այսօր՝ Զատիկից հետո, բացարձակ մեծամասնություն ռուսներից ու հայերից հետո կազմում են իտալացիները: Ամենուր հնչում է նրանց ոգևորված ու բարձրաձայն խոսքը: Մինչև պատարագը՝ սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որ չի մտնում պաշտոնական արարողակարգի մեջ, բայց մշտապես արվում է ծայրահեղ բծախնդիր ւ սիրով: Հայ ուխտավորները մաքրեցին և կարգի բերեցին տաճարի մուտքից ու Գողգոթայից մինչև Հիսուսի գերեզմանն ընկած տարածքը, որ այս օրերի իրարահաջորդ արարողություններից հետո երկու մեծ պարկ շշեր ու հարակից «մանրամասներ» էր պարունակում:
Երուսաղեմի ճերմակ քարից հատված տաճարի խորանը կառուցված է այն քարայրի տեղում, որ դամբարան է եղել խաչված Հիսուսին երեք օր: Խորանն արտաքուստ հիշեցնում է եկեղեցի՝ եկեղեցու մեջ, իսկ ներսում գործում է ֆենոմենալ մի աուրա, որ ներգործում է նույնիսկ այն հավատացյալների վրա, ովքեր խորան են մտնում նվերների ու անձնական իրերի, նամակների ու երկտողների ծանր բեռով՝ հավատացած, որ օրհնվում են բոլորեքյան: Խորանի դռան աջ ու ահյակ կողմերում ժամանակի մեջ գոյացել են բավականին զգալի ու տեսանելի ճեղքեր քարերի արանքում: Լույսի խաղերի հետ երբեմն նաև թվում է, թե վերնաքարերը կախված են օդում, բայց այդպես այնքան երկար ժամանակ է, որ նույնիսկ դադարել են ուշադրություն դարձնել: Խորանի ներսում պարզ մի սեղան է՝ վառվող երկու մոմերում, իսկ ավելի խորքում, ուր հնարավոր է մտնել միայն կիսածալ, որովհետև պահպանվել է քարայրի կոնֆիգուրացիան, այն սալերն են, որոնց վրա եղել է Հիսուսի մարմինը: ՈՒ ամեն ինչ այնքան իրական է, որ անհավատալի թվում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Երբ դուրս էի գալիս սուրբ Հարության տաճարից, լույսն արդեն բացվել էր, կեսգիշերվա համեմատական խաղաղությունից հետո տաճարը սկսել էր ապրել իր բազմազգ կյանքով, ամենատարբեր լեզուներով, բայց ընդհանրական խոսքով Աստծուն դիմող մարդիկ մոմեր էի վառում ու սպասում էին հրաշքի:
Երուսաղեմ

Դիտվել է՝ 2619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ